Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ի վերջո, պիտի ունենանք Դեմիրճյանի մեծությանը վայել թանգարան»

«Ի վերջո, պիտի ունենանք Դեմիրճյանի մեծությանը վայել թանգարան»
14.08.2009 | 00:00

«ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՆԿԱՐԻ»
Օրերս Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Դեմիրճյանի մանկական ստեղծագործություններին, ավելի ստույգ` «Պույպույ մուկիկ» և «Երգ խաղողի ու վարունգի» չափածո հեքիաթներին: Միջոցառումը բաղկացած էր երեք փուլից: Առաջին փուլն անցկացվել է «Մարի Իզմիրլյան» մանկատանը, ընտրվել է 15 երեխա, որոնք կարող են ընկալել ստեղծագործությունները և իրենց տպավորությունը հանձնել թղթին` նկարի ձևով: Ապա երեխաների համար թանգարանում անցկացվել է էքսկուրսիա, գրողի հյուրասենյակում, նրա սեղանի շուրջ ընթերցվել են Դեմիրճյանի գործերը, նյութը լավ ընկալելու համար երեխաները վերապատմել են դրանք, ծանոթացել են «Պույպույ մուկիկ» և «Երգ խաղողի ու վարունգի» հեքիաթների տարբեր տարիների և տարբեր լեզուներով արված պատկերազարդ հրատարակումներին, նաև նախորդ մրցույթի մասնակիցների նկարներին: Հաջորդ փուլն անցկացվել է «Դավիթ Անհաղթ» զբոսայգում: Երեխաների նկարները ցուցադրվել են և վաճառվել խորհրդանշական 200 դրամով, որը հավաքվել է Դեմիրճյանի մոր սպասքի պարագաներից մեկում: Գոյացած գումարով երեխաները նվերներ կստանան: Հաղթող է ճանաչվել Կամո Ղալթաղչյանը, որի աշխատանքը հանձնվել է «Տոնոյան» հիմնադրամին: Լավագույն մասնակիցներ են ճանաչվել նաև Ռուզաննա և Էդգար Մալխասյանները, Կամո Պետրոսյանը: Հաղթողներին նվիրել են գրքեր:
Զբոսայգում երեխաների հետ հանդիպել են մանկագիրներ Յուրի Սահակյանը, Երվանդ Պետրոսյանը, Սաթենիկ Ղազարյանը, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, որոնք գրքեր են նվիրել երեխաներին, ընթերցել իրենց գործերից: Միջոցառմանը ներկա են եղել նաև քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը, նկարիչ Դավիթ Պետրոսյանը, թանգարանային ոլորտի աշխատողներ, ուսանողներ: Թանգարանի աշխատակցուհի Արուսյակ Ղազարյանը, ով նաև միջոցառման մտահղացման հեղինակն է, նշեց, որ նպատակ ունեն երեխաներին ծանոթացնել մշակութային օջախներին, տվյալ դեպքում` Դեմիրճյանի գործունեությանը, մանկական ստեղծագործություններին: «Սոցիալական տարբեր օգնություններ են կազմակերպվում երեխաների համար, բայց նմանատիպ միջոցառումները լրացնում են հոգևոր պակասը, թեկուզ մի փոքր ժամանակահատվածով փոքրիկներն իրենց արվեստագետ են զգում», -ասաց նա:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա «Ագուլիս» թատրոնում, միջոցառմանն ակտիվ մասնակցության համար, իբրև խրախուսանք, երեխաները ներկայացում կդիտեն:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում հաճախ են անցկացվում միջոցառումեր ոչ միայն Դեմիրճյանի ստեղծագործությունների թեմաներով:
«Ժամանակակիցների վկայությամբ` Դեմիրճյանն ուշադիր է եղել կրտսեր գրչակիցների նկատմամբ, կարդացել է, ուղղորդել: ՈՒզում ենք ավանդույթն ինչ-որ ձևով պահել և այստեղ ժամանակակից գրողների ստեղծագործական օրեր ենք կազմակերպում,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ:- Առաջիկայում սպասվում է ևս երկու միջոցառում` նվիրված վաղամեռիկ բանաստեղծ Արտակ Համբարձումյանին և Լյուդվիգ Դուրյանի 75-ամյակին: ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել «Տոնոյան» հիմնադրամին և զբոսայգու տնօրեն Արմինե Տոնոյանին` վերջին միջոցառմանն աջակցելու համար: Հույս ունենք, որ «Տոնոյան» հիմնադրամի հետ մեր կապը շարունակական կլինի, նպատակ ունենք հետագայում միջոցառումներ կազմակերպել Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» և «Վարդանանք» ստեղծագործությունների թեմաներով:
Թանգարանի աշխատանքներին խոչընդոտում են շենքային անբարենպաստ պայմանները: Մի քանի ամիս առաջ թանգարանը ջրհեղեղի է ենթարկվել երկու հարկ վերև ապրող բնակիչների կողմից: Ահավոր վիճակում են պատերն ու առաստաղը: Բայց եթե մասնակի վերանորոգում արվի և ջրի հետքերը վերացվեն, դրանով չեն լուծվի թանգարանի տարածքի հետ կապված խնդիրները: Այն վաղուց ունի հիմնանորոգման կարիք, ինչն առանձնապես մեծ ծախսեր չի պահանջում. բնակարանը փոքր է, բայց միջոցները «անվերջ» չեն հերիքում: Ամեն անգամ այցելուներից ներողություն ենք խնդրում, բացատրում, որ շենքը բարեկարգ չէ, վահանակները հնացած են, ցուցանմուշները պատշաճ չեն ցուցադրվում: Թանգարանի վերանորոգման հարցը աղաղակող ու հրատապ է, ովքեր կոչված են, պետք է զբաղվեն դրանով: Ի վերջո, պիտի ունենանք Դեմիրճյանի մեծությանը վայել թանգարան և կարողանանք արժանապատվորեն ներկայացնել այն»:
Սա դեռ բոլորը չէ: Շուկայական հարաբերություններին հարիր կառուցված վաճառակետերը ծածկել են թանգարանի տեղը նախանշող հուշասյունը: Այդ մասին բազմիցս գրվել է մամուլում, բողոքներ են ներկայացրել թանգարանը և մշակույթի նախարարությունը, առայժմ` ապարդյուն: «Հասկանալի է` ինչու չեն կարող խոչընդոտել նորակառույցների տեղադրմանը,- ասում է Կարինե Ռաֆայելյանը,- բայց գոնե կարելի՞ է մի քանի քայլ առաջ կանգնեցնել հուշասյունը»: Բողոքի առիթ են նաև տուն-թանգարանի պատուհանների տակ դրված աղբամանները:
Թանգարանը չունի ժամանակավոր ցուցադրության համար նախատեսված տարածք, շատ ցուցանմուշներ այստեղ չեն պահվում: Այնուամենայնիվ, թանգարանում կյանքը կանգ չի առնում: Այցելուները հիմնականում աշակերտներ են, ուսանողներ: Այստեղ կարող ես իմանալ այն, ինչին ոչ միշտ ես հանդիպում գրքերում:
«Դերենիկ Դեմիրճօղլյանը (տոհմով նրանք եղել են դամրչիներ` դարբիններ. գրողն «օղլի» թուրքական արմատից հետագայում հրաժարվել է) բացառիկ ունակություններ ունի նկարչության, երաժշտության ասպարեզում, իսկ եթե «դատի տակ առնենք» նրա գրական փորձերը, ապա սխալված չենք լինի ասելով, որ նա ապագայում կդառնա փայլուն աստղ հայ գրականության մեջ»,- այսպես են բնութագրել փոքրիկ Դեմիրճյանին նրա ուսուցիչները: Բազմաշնորհության վկայությունները կարելի է տեսնել թանգարանում` Դեմիրճյանի գեղանկարչական աշխատանքները, ջութակը, ֆրակը, որ հագնում էր ջութակ նվագելիս (նա կարծում էր, որ ջութակ նվագողը պետք է համապատասխան արտաքին, հագուկապ ունենա), գրքեր, ձեռագրեր, երգիծական ոճով գրված նամակներ` հասցեագրված Իսահակյանին, Թումանյանին ու նկարազարդված նրա իսկ ձեռքով: Այստեղ կարելի է տեսնել նաև Սարյանի, Բաշինջաղյանի, Ռուխկյանի գեղանկարչական աշխատանքները, Նիկողայոս Նիկողոսյանի, Սուրեն Ստեփանյանի քանդակները, Խաչատուր Իսկանդարյանի քանդակը, որ տխուր ճակատագրով արդեն տասնամյակներ սպասում է Երևանում տեղադրվելուն, թեև Դեմիրճյանի 100-ամյակի առիթով հաղթել է մրցույթում: Հայ մտավորականի երևանյան կենցաղի մասին կարելի է պատկերացում կազմել երկրորդ, երրորդ ցուցասրահները մտնելով` սպասք, կահույք: Դեմիրճյանը պահպանել է մոր` Նատալյայի սպասքի պարագաները` ասեղնագործ անձեռոցիկը, դիմակահանդեսի դիմակը, երևի գիտակցելով, որ ապագայում թանգարան կունենա: Նրա մայրն ազնվական ծագում է ունեցել, և զարդատուփը, որ տեսնում ենք մորը նվիրված բաժնում, հետաքրքիր նախապատմություն ունի: Դեմիրճյանի հայրը գավառացի էր, չքավոր, չուներ տիտղոս, կրթություն: Նատալյայի հայրը դեմ է լինում նրանց ամուսնությանը և աղջկան զրկում է օժիտից: Մայրը` Թագուհին, զարդատուփը` թանկարժեք զարդերով, նվիրում է աղջկան, որոնցով Նատալյան հետագայում վճարում է երեխաների կրթության համար: Ավագ որդին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, երիտասարդ տարիքում մահացել այնտեղ, Դերենիկը Ժնևում է կրթություն ստացել, Գևորգ Դեմիրճյանը մանկավարժ է եղել և պաշտոն է զբաղեցրել դաշնակցական կառավարությունում։ Թանգարանում կան վավերագրեր, թե ինչպես են բոլշևիկյան բանտում դաժանորեն սպանել նրան: Աղջիկը եղել է ռուսաց լեզվի և գրականության մասնագետ, հետագայում` դպրոցի տնօրեն Երևանում: Այսինքն` ժամանակի համեմատ բարձր կրթություն են ստացել, թեև իրենք չքավոր ընտանիքից են եղել, ինչի մասին վկայում են Դեմիրճյանի օրագրերը, հիշատակումները:
Կ. Ռաֆայելյանը հիշեցնում է նաև, որ «թանգարան են գալիս մարդիկ, որոնց ծնողները Դեմիրճյանի հետ կապ են ունեցել, փորձում են լուսանկարների մեջ գտնել իրենց հարազատներին, հաճախ հետաքրքիր պատմություններ են պատմում Դեմիրճյանի հետ կապված, որոնք արձանագրում ենք մեր էքսկուրսիոն տեքստում: 1997-ին, գրողի 120-ամյակի առիթով, Դեմիրճյանի մասին հիշողությունների գիրք է հրատարակվել, բայց դարձյալ շատ տեղեկություններ մնում են էքսկուրսիոն տեքստի շրջանակներում: Ցանկալի կլիներ համակարգել այդ ամենը և վերածել գրքի, բայց մենք անգամ թանգարանի վերանորոգման հարցը չենք կարողանում լուծել, տվյալ դեպքում առաջնայինը դա է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4116

Մեկնաբանություններ